Khachik Khacher

Գրող, թարգմանիչ, բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ, ճարտարագետ՝ Խաչիկ Խաչերը ծնվել է Թեհրանում, 1946 թվականին, հայկական ավանդական և քաղաքական ակտիվությամբ աչքի ընկնող ընտանիքում։

Գիրքն ու գրականությունը, օրաթերթերն ու քաղաքական դեպքերը քննարկվող ամենօրյա թեմաներն էին այն տանը, որտեղ հասակ է առել ապագա գրողը։ Ինչպես խոստովանում է նա՝ Հայպետհրատի տպագրած գրքերը կարդացվում էին նախ հայրիկի և մայրիկի կողմից, ապա հերթը հասնում էր իրեն՝ անդրանիկ զավակին՝ Խեչոյին, որ ընթերցում էր և ակտիվ մասնակցում ընթերցված գրքերի քննարկումներին, գրականության շուրջ ծնողների բանավեճերին։

Հայոց ազգային «Արաքս» տարրական դպրոցի առաջին շրջանավարտներից է Խաչիկ Խաչերը (1957-1958): Այնուհետև հաճախել է Հայոց ազգային «Քուշեշ-Դավթյան» միջնակարգ դպրոցը և 1964-ին ավարտել այն։ Դպրոցն ավարտելուց հետո երկու տարի ուսուցչություն է արել Հայոց ազգային «Հախնազարյան» դպրոցում։

1966-ի նոյեմբերին մեկնել է Գերմանիա և ուսանել Աախըն քաղաքի տեխնիկ համալսարանում, ուր ձեռք է բերել մագիստրոսի երկու աստիճաններ՝ էլեկտրոնիկայի և մենեջմենտի մասնագիտություններով։

Գրել սկսել է պատանի տարիքից՝ երկու լեզվով, հայերեն և պարսկերեն։ Տպագրվել է տեղի մամուլում և առաջին պատմվածքը պարսկերեն լույս է տեսել 1960-ին Իրանում լայն տարածում ունեցող «էթելաաթե Քուդաքան» շաբաթաթերթում։ Այն կոչվում էր՝ «Նա դեռ ողջ է» և հարյուրավոր պատմվածքների մեջ արժանացել է մրցանակի։

Ինչպես պարսիկ հանրահայտ գրող, գրականագետ և հրապարակախոս՝ Ամիր Հասան Չեհելթանն է Խ. Խաչերի պարսկերենով հրատարակած «Արշակ Վեցերորդ» պատմվածքների ժողովածուի (2005) նախաբանում գրում. «Խ.Խաչերը բազմամշակույթ տվյալներով օժտված մտավորական է և գրող»: Նա գրում և թարգմանում է հայերեն, պարսկերեն, գերմաներեն և անգլերեն լեզուներով:

Հայաստանում հրատարակել է մեկ տասնյակից ավելի գրքեր (հեղինակային և թարգմանական) և երկու անգամ արժանացել Ոսկե մեդալի:

Roles: Editor, Translator, Author

Products